Սա վառ ապացույցն է այն բանի, որ անպատժելիությունը ծնում է նոր անպատժելիություն

Նախօրեին՝ ժամը 09։30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայի և Մայակովսկու փողոցի հատման վայրում՝ նախկին «Կանգառ» խանութի մոտ, հարձակման է ենթարկվել հայտնի քաղաքագետ Գագիկ Համբարյանը: Կատարված խուլիգանության մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր անձամբ քաղաքագետը:
Թե ինչո՞ւ մինչ այս պահը դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվել, եւ թե իրականում ինչո՞ւ էր նման խայտառակ միջադեպ տեղի ունեցել, Fnews.am-ը փորձեց մանրամասներ պարզել հայրենի քաղաքում հարձակման ենթարկված Գագիկ Համբարյանից, ով անդրադառնալով նախապատամությանը, նախ նկատեց.
-Դեկտեմբերի չորսին, ժամը 09։30-ի սահմաններում փորձեցի մտնել մեր տան մոտակայքում գտնվող խանութ: Բայց չհասցրեցի խանութ մտնել, որովհետեւ հենց խանութի մուտքի մոտ ենթարկվեցի հարձակման: Իսկ այդ խուլիգանական արարքի հեղինակը՝ մեր թաղի բնակիչ, Շիրակի պետհամալսարանի անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, Անահիտ Հովհաննիսյանի եղբայրն էր՝ Ռաֆիկ Հովհաննիսյանը: Վերջինս ինձ վրա հարձակվելու ընթացքում սեռական բնույթի ամենայլանդակ հայհոյանքներ էր հնչեցնում իմ եւ ընտանիքիս անդամների հասցեին: Անգամ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ գտնվում է Գյումրու կենտրոնում,որտեղ տասնյակ մարդիկ կային: Նա անցավ բոլոր սահմանները, քանի որ որեւէ բան նրան չէր կաշկանդում, այդ բանուկ վայրում ագրեսիվ եւ այլանդակ վարքագիծ ցուցաբերել՝ փորձելով պարբերաբար հարվածներ հասցնել ինձ:
-Իսկ ինչո՞վ էր պատճառաբանում վերջինս իր այդ վարքագիծը:
-Ես չեմ վախենա ասել, որ այս ամենը հետեւանքն էր ամենաթողության:
-Կմանրամասնե՞ք:
-Պատճառը դժվար չէ կռահել.այդ նույն Ռաֆիկ Հովհաննիսյանի քույրը՝ Անահիտ Հովհաննիսյանը, աշխատելով Շիրակի պետհամալսարանում եւ լինելով նախկին ՀՀԿ-ական ռեկտոր Սահակ Մինասյանի ֆան ակումբի երկրպագու՝ մինչ օրս չի պատժվել իր հակաօրինական գործունեության համար:Նրա գործունեության հետեւանքներից մեկն այն էր, որ ես եւ պարոն Խորիկյանը 2018 թվականի մարտի տասնհինգին զրկվել ենք աշխատանքից: Իսկ դատական պրոցեսի ժամանակ բացահայտվել է, որ Շիրակի պետհամալսարանի գիտխորհրդի կողմից ձեւավորված էթիկայի հանձնաժողովը, խախտել է բուհի կանոնադրության բազմաթիվ կետեր, ինչպես նաեւ կատարվել է պաշտոնական դիրքի չարաշահում:
Մենք էլ՝ ես եւ պարոն Խորիկյանը, այդ հարցով ընդամենը երկու շաբաթ առաջ դիմեցինք ոստիկանություն, որպեսզի նյութեր նախապատրասեն, բայց մինչ օրս որեւէ նորություն չունենք: Իսկ երեկ, ինձ վրա հարձակված անձը՝ բացի հայհոյանքներից նաեւ գորգոռում էր, որ ես գրել եմ իր քրոջ վրա: Փաստորեն, ոստիկանությունը դեռ ոչինչ չի արել այդ գործի վերաբերյալ, բայց արի ու տես, որ Անահիտ Հովհաննիսյանի եղբայրը՝ Ռաֆիկ Հովհաննիսյանը տարրական խուլիգանություն է անում իմ նկատմամբ քաղաքի կենտրոնում: Սա վառ ապացույցն է այն բանի, որ անպատժելիությունը ծնում է նոր անպատժելիություն:
-Այսինքն, իրավապահ կառույցները թերանո՞ւմ են իրենց գործում:
-Այս պատկերը՝ ամբողջ իրավապահ համակարգի ամենաթողության հետեւանքն է, որովհետեւ եթե ժամանակին բոլոր իրավախախտները պատժվեին, այսօր գուցե այս միջադեպը ինձ հետ տեղի չէր ունենա: Իսկ Սահակ Մինասյանի շրջապատը այսքան չէր լկտիանա:
-Պարոն Համբարյան, ասացիք, որ միջադեպը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում: Հետաքրքիր է, այդ ընթացքում որեւէ ոստիկան դա չի՞ նկատել:
-Փաստորեն ոչ, որովհետեւ ես ինքս եմ այսօր առավոտյան դիմել ոստիկանություն: Որից հետո, ինձ ուղեգրով ուղարկեցին դատաբժշկի մոտ, ով էլ ֆիքսեց իմ դեմքի վրայի վնասվածքները: Վաղը եւս, պետք է այցելեմ եմ բժշկի, որպեսզի մնացած հետազատությունները անցնեմ:
-Այսինքն, դեռ քր. գործ չի հարուցվել, ճի՞շտ հասկացա:
-Ոչ, դեռ նյութեր են նախապատրաստվում. իմ իմանալով՝ դեռ քրեական գործ չի հարուցվել, բայց ակտիվորեն նյութեր են նախապատրաստվում:
Այսինքն այս պահի դրությամբ, այս դեպքի առթիվ գործընթացը իրավաչափ է ընթանում: Տեսնենք հաջորդ փուլերին, Ոստիկանությունը կամ ՔԿ-ն՝ ինչպես կտանեն գործի քննությունը:
Դեկտեմբերի 4-ին, 09։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայի և Մայակովսկու փողոցի հատման վայրում՝ նախկին «Կանգառ» խանութի մոտ տեղի ունեցած խայտառակ միջադեպի վերաբերյալ, Fnews.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ ՀՀ Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնից, որտեղից էլ մեզ փոխանցեցին. «Ճիշտ կլինի բոլոր հարցերի պատասխանները՝ 02-ից լսեք: Ավելի լավ է՝ իրենց հարցրեք:»
Հ. Գ
Հաջորդիվ կտեղեկացնենք, թե ինչ քայլեր են իրականացվել, (կամ իրականացվում) ՀՀ իրավապահ մարմինների կողմից՝ տեղի ունեցած միջադեպի հետ կապված:
Հասկանալ է պետք. իրավապահները դանդաղ ե՞ն փորձում շտապել, թե այնուամենայնիվ, կրիմինալն ու խուժանը շարունակելու են «ծաղկել»...